«Էյր Արմենիան» գործարկել է առաջին չվերթը

Էյր Արմենիա«Էյր Արմենիա» ավիաընկերությունը գործարկել է առաջին կանոնավոր չվերթը՝ դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Ինչպես հայտնել է ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը՝ հավելելով, որ մինչ նոյեմբերի 15-ը չվերթը կիրականացվի օրը մեկ անգամ, այնուհետեւ՝ երկու: «Առայժմ շահագործում ենք մեր առաջին օդանավը՝ Boeing 737-ը: Հոկտեմբերի 31-ին կբերենք երկրորդը՝ A320-ը», – ասաց Ա. Ավետիսյանը:

Ընկերության առաջին չվերթով Մոսկվա է մեկնել 101 ուղեւոր, վերադարձել՝ 130-ը, այդ թվում՝ Ռուսաստանի զբոսաշրջային խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ: «Մենք նրանց հրավիրել ենք ճանաչողական այցի: Նրանք կայցելեն Երեւան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան: Հույս ունենք՝ կարճ ժամանակում իրենց հետեւից կբերեն մեծաթիվ զբոսաշրջիկներ Ռուսաստանից», – ասաց «Էյր Արմենիաի» տնօրենը:

Տուրիստական ընկերությունների հետ աշխատանքը, հավելեց նա, լինելու է շարունակական: «Գործակցելով ռուսաստանյան օպերատորների հետ՝ ՌԴ շուկայում ավիատոմսերի հետ միասին կառաջարկենք համալիր փաթեթներ», – նշեց նա:

Մինչեւ նոյեմբերի 15-ը բացվելու է եւս 5 երթուղի՝ դեպի Դոնի Ռոստով, Կասնոդար, Սոչի, Սանկտ-Պետերբուրգ եւ Սամարա, դեկտեմբերից էլ՝ դեպի Եկատերինբուրգ եւ Մինվոդի: Ինչ վերաբերում է ԱՊՀ-ից դուրս ուղղություններին, ապա Ամանորի նախաշեմին նախատեսվում է բացել ուղղություն դեպի Դուբայ, իսկ ապրիլից՝ մի քանի եվրոպական քաղաքներ:

Մինչ եկող տարվա վերջ ընկերությունը նախատեսում է ինքնաթիռների քանակը հասցնել 5-ի. երեքը՝ Airbus, երկուսը՝ Boeing:

«Էյր Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003 թ-ին եւ գործել է որպես բեռնային օդային փոխադրող: 2013 թ. ընկերությունը որոշել է սկսել նաեւ ուղեւորափոխադրման ծառայությունների մատուցումը:

News.am

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝