Տուրիստական բիզնեսի հիմնական հասկացությունները

Տուրիզմը ՀայաստանումԸստ Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին ՀՀ օրենքի, ոլորտում գործող հիմնական հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ՝

զբոսաշրջություն` ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական, ազգականներին այցելության, մասնագիտական, գործնական եւ այլ նպատակներով բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչեւ մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեություն.

այցելու` իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչեւ մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացի, որի ճանապարհորդության հիմնական նպատակը ժամանման վայրում (երկրում) վճարովի աշխատանքային գործունեությունը չէ, եւ որը ժամանման վայրում (երկրում) չի վարձատրվում իր հիմնական աշխատանքային գործունեության դիմաց.

զբոսաշրջիկ` այցելու, որը ճանապարհորդություն իրականացնելիս ժամանման վայրում (երկրում) անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց.

ներքին զբոսաշրջություն` որեւէ երկրում բնակվող քաղաքացիների ճանապարհորդությունն իրենց երկրի սահմաններում.

արտագնա զբոսաշրջություն` որեւէ երկրում բնակվող քաղաքացիների ճանապարհորդությունը մեկ այլ երկիր.

ներգնա զբոսաշրջություն` քաղաքացիների ճանապարհորդությունը որեւէ երկիր, որը նրանց բնակության վայրը չէ.

զբոսաշրջային գործունեություն` իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործունեություն.

զբոսաշրջային ծառայություններ` զբոսաշրջիկներին մատուցվող եւ նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման եւ մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման եւ այլ ծառայություններ.

զբոսաշրջային գործունեության սուբյեկտ` զբոսաշրջային օպերատոր եւ զբոսաշրջային գործակալ.

զբոսաշրջային օպերատոր` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձեւավորման, խթանման եւ իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.

զբոսաշրջային գործակալ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման եւ իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.

զբոսաշրջային արդյունք` զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիր.

զբոսաշրջային միջոցառում` զբոսաշրջային արդյունք, որը բաղկացած է մեկ ծրագրում համակցված առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունից, տրամադրվում է միասնական սակագնով եւ մատուցվում է առնվազն 24 ժամից ոչ պակաս ժամանակահատվածում կամ ընդգրկում է առնվազն մեկ գիշերակաց.

տուր` զբոսաշրջային միջոցառում, որ նախատեսում է զբոսաշրջիկների կացության վայրի փոփոխություն.

զբոսաշրջային փաթեթ` զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ՝ կապված տրանսպորտային (եւ դրա հետ առնչվող), հյուրանոցային (եւ դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաեւ այն ծառայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային եւ հյուրանոցային ծառայությունների հետ եւ զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տեւողությունը պետք է գերազանցի 24 ժամը կամ ներառի առնվազն մեկ գիշերակաց.

զբոսաշրջային խումբ` զբոսաշրջիկներից բաղկացած խումբ, որի անդամները ճանապարհորդում են միասին, նույն երթուղով եւ նույն սպասարկման պայմաններով.

զբոսաշրջային խմբի ղեկավար` զբոսաշրջիկներին ուղեկցող, զբոսաշրջային ծառայությունների պայմանագրի պայմանների կատարումն ապահովող անձ, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ներկայացուցիչն է եւ հանդես է գալիս նրա անունից.

զբոսավար` զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն եւ մասնագիտական օգնություն մատուցող անձ.

ուղեկցորդ` զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում կազմակերպչական ծառայություն եւ մասնագիտական օգնություն մատուցող անձ.

զբոսաշրջային տարածաշրջան եւ (կամ) կենտրոն` առաջնահերթ զարգացման ենթակա բնական, սոցիալ-մշակութային եւ առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ զբոսաշրջության համար կարեւոր նշանակություն ունեցող տարածք, որի սահմանները եւ կարգավիճակը որոշում ու հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

զբոսաշրջային ռեսուրսներ` զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական եւ այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական եւ այլ ռեսուրսներ.

զբոսաշրջային երթուղի` զբոսաշրջային ծառայությունների համալիրով (ամրագրում, տեղավորում, կերակրում, հանգստի կազմակերպում, տրանսպորտ, էքսկուրսիա եւ այլն) ապահովված, որոշակի երթուղով եւ կոնկրետ ժամկետներով զբոսաշրջային ճանապարհորդություն (ուղեւորություն).

զբոսաշրջային օբյեկտ` զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական գրավչության օբյեկտ.

քաղաքացի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա պետությունների քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝