«Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոն

Հացը լեռներում«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն հունիսի 12-ին, ժամը 18:00-ին Երևանի Արգիշտիի հրապարակում՝ (Էրեբունիի թանգարանամերձ հրապարակ) կազմակերպում է «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը, որն արդեն 6 տարվա պատմություն ունի:

Խոհարար Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ փառատոնը նպատակ ունի հանրությանը ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին: «Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադարձ կատարել ու մեր արմատներին և աշխարհին ներկայացնել սերունդներից մեզ փոխանցված հարուստ ժառանգությունը»,- ասաց Սեդրակ Մամուլյանը՝ նշելով, որ այս տարի խանդավառությունն ավելի մեծ է և ավելի շատ կազմակերպություններ են դիմել փառատոնին մասնակցելու համար:

«Այս անգամ տաղավարների քանակն էլ է ավելացել՝ մինչև 30 տաղավար է լինելու: Փառատոնին մասնակցելու համար ներգրավել ենք ուսումնական կենտրոններին: Գիտենք, որ 70 տարի շարունակ ուսումնական կենտրոններում սովորեցնում էին ամեն ինչ, բացի ազգային կերակրատեսակների պատրաստումից»,- նկատեց Սեդրակ Մամուլյանը՝ շարունակելով, թե այն կազմակերպությունները, որոնք նախորդ տարիներին ուղղակի մասնակցում էին փառատոնին, այս անգամ ցանկություն են հայտնել սեփական տաղավարները ներկայացնել:

Փառատոնի կազմակերպիչների հաղորդմամբ՝ կլինի նաև այլ ազգերի խոհանոցների ցուցադրությունը. Ճապոնիա, Չինաստան, Լիբանան, իսկ Ավստրիայից՝ ներկայացնելու են «կենդանի» գարեջուրը:

Սիրիահայերը ևս մասնակցություն են ունենալու միջոցառմանը, իսկ երկրում ներկայացված ազգային փոքրամասնություններից միայն եզդիներն են մասնակցելու: «Հիմնական խնդիրը ֆինանսական միջոցներն են»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:

Փառատոնի կազմակերպիչներից «Երիտասարդություն» միության ներկայացուցիչ Գևորգ Մկրտչյանն ասաց, թե սա հնարավորություն է տալիս, որ տոնածիսական կերակուրները մտնեն մեր կենցաղ:

Փառատոնին մասնակցող ազգագրագետ Խորեն Գրիգորյանն էլ նշեց, թե տոնածիսական ուտեստի փառատոն ասելով մենք միանգամից կենտրոնանում ենք ուտեստի վրա, սակայն դա մի ամբողջ մշակութային շերտ է, որտեղ ներգրավված է և՛ տարազը, և՛ հյուրընկալության մշակույթը, և՛ մշակութային մասը՝ ուղեկցված երգ ու պարով:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝