Միջոցառումային տուրիզմը Հայաստանում

Հայաստանում փորձում ենք զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը. Արա Պետրոսյան

Երևանում անցկացվում է «Հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի»՝ EURHODIP-ի տնօրենների խորհրդի եռօրյա նիստը։ Այսօր նիստին մասնակցում էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ում դուր չեկավ Խմբագրության հարցը, թե երբ են, ի վերջո, տեսականից անցնելու գործնականի։

«Ես չեմ կարծում, թե սա տեսական է, սա հենց գործնական է։ Այս միտքը տալու է համատեղ նոր ծրագրեր։ Որոշում կա, որ մինչև 2016 թ-ը Հայաստանում կիրականացվի ուսուցողական թրեյնինգների մի շարք, մասնավորապես՝ տուրիզմի ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման համար, որի համար որպես բազա ընտրված է՝ «Տուրիզմի» ինստիտուտը»,-ասաց փոխնախարարը և հավելեց, թե այդ կրթական թրեյնինգների շարքը ոլորտում նոր կադրեր ունենալու հնարավորություն կընձեռի։

«Իսկ առանց կադրերի ինչքան ուզում ես ինֆրակառուցվածքները զարգացրու, որը մենք հաջողությամբ զարգացնում ենք, պետք են կադրեր, որոնք շահագործում են այդ կառուցվածքները։ Հատկապես միջին մասնագիտական կրթական բաց մենք ունենք»,- ասաց նա։

Փոխնախարարը առանձին զրույցում հարկ համարեց բացատրել նիստի կարևորությունը Հայաստանի տուրիզմի զարգացման գործում՝ շեշտելով, թե դա, ընդհանուր առմամբ, երեք հիմնական արդյունք է ապահովում մեր երկրում։

«Ամբողջ աշխարհն այսօր նստել է տուրիզմի նոր ուղղության վրա, որը կոչվում է Measure tourism, այսինքն՝ միջոցառումային տուրիզմ, երբ քո երկիր են այցելում ինչ-որ միջոցառումներ անցկացնելու համար. փառատոներ, կոնֆերանսներ, խորհրդի նիստեր։ Սա ինքը միջոցառումային տուրիզմի մի էլեմենտ է, որը իրականացնում ենք, որը պետք է ունենա շարունակություն»,- ասաց նա։

Նշենք, որ տարեկան երկու անգամ տեղի է ունենում նաև EURHODIP տնօրենների խորհրդի նիստը, որի անդամները 23-ն են և ներկայացնում են 20 երկիր:

Փոխնախարարը նկատեց, թե հրավիրված մասնագետների այցի համար իրենք «Տուրիզմի» ինստիտուտին աջակցել են իրենց կարողությունների սահմանում ՝ այդ թվում նաև ֆինանսապես, որ «համոզեն այդ մարդկանց իրենց նիստն այստեղ անցկացնեն»։

«Հիմա այս մարդկանց բերել ենք, ասել ենք, բերեք նիստ անենք Հայաստանում, որ հետո խորհրդի նիստի արդյունքում որոշում կայացվի, որ դրանք շատ պետք է լինեն Հայաստանում։ Դրանից ավել գործնակա՞ն»,- կրկնեց նա և շարունակեց, թե 2016թ-ին տնօրենների խորհրդի կոնֆերանսին արդեն 40 երկրներից են մասնակցելու։

« 40 երկիր իրար հետ մրցակցում են, որ այդ կոնֆերանսը տանեն իրենց երկրում անեն, որովհետև դա անում ես քո երկրի իմիջը բարձրացնելու հաշվին»,-ասաց նա և երրորդ արդյունքը համարելով արդեն, կադրերի պատրաստման և վերապատրաստման համար թրեյնինգների շարքը։

Փոխնախարարը սխալ համարեց դիտարկումը, թե երկու տարի պետք է սպասել, որ տնօրենների խորհուրդը նոր նիստ անի և նոր միայն մեր կադրերն էլ զարգանան։ «Մի հատ օլիմպիադա անցկացնելու հնարավորություն են ստանում ու 10 տարի ապրում այդ միջոցառումների հաշվին։ 2 տարի հետո 50 երկիր է գալու, իսկ դուք ասում եք»,- հանդիմանեց նախարարի տեղակալը։

Նրա խոսքով՝ այսօր ոչ պակաս կարևոր է տուրիզմի ինովացիոն առաջընթացին համընթաց քայլելը։ «Նոր մտքեր կան տուրիզմի առումով, օրինակ՝ սմարթֆոններով տուրիզմը, երբ միացնում ես ու գիդի փոխարեն քո էքսկուրսիան ապահովում է սմարթֆոնը։ Նոր տեխնոլոգիա է, ինովատիվ միտք է։ Հիմա, երեք տարի առաջ ավարտած ոլորտի մասնագետները պետք է չէ՞ կարողանան վերապատրաստվեն։ Տուրիզմի ոլորտում կրթությունը օդաչուի նման է, այսինքն՝ նոր ինքնաթիռը, որ ստեղծվում է, որտեղ կա ինովատիվ գաղափար, պետք է հասցնես գնալ պատրաստվել, որովհետև տուրիզմի ոլորտում էլ են կիրառում ինովացիաները»,- շարունակեց նա։

Փոխնախարարը նկատել է, որ գնալով տուրօպերատորները վերանում են, որովհետև մարդիկ հասկացել են, որ կարող են տանը նստած կազմակերպել իրենց անհրաժեշտ ծառայությունները։ «Ասում է ինչո՞ւ տանեմ 200 դոլար տամ, որ իմ տուրը Մալթա կազմակերպի, եթե ես ինքս կնստեմ ու ամեն ինչ կանեմ»,- ասաց նա։

Թե ի՞նչ առաջընթաց ունենք այս ոլորտում, փոխնախարարը ընդգծեց, թե բավականին լավ և հստակեցրեց, թե դա միայն նման կոնֆերանսների շնորհիվ չէ։

«Ո՛չ, իհարկե, նաև մեր ժողովրդի արագ ադապտացվելու շնորհիվ է։ Մի մոռացեք, կոմպյուտերային հագեցվածությամբ մեր երկիրը առաջատարներից մեկն է, ինտերնետով հագեցված երկիր է և ում նայում ես նոութբուքով ու WiFi-ով են։ Այդ առումով մեր ազգաբնակչությունը շատ ակտիվ է, և ես իմ ուսանողների մոտ թեստ եմ անում, ասում եմ, եթե որոշես մի տեղ շրջագայել ի՞նչ կանես, կդիմե՞ս տուրօպերատորների ծառայությանը, թե ինքդ կփորձես ձևավորել։ 70%-ից ավելին ասում է ինքը կձևավորի, որ ինչու տանեմ 200-300 դոլար փող տամ, որ ես դա տնից կարող եմ անել»,- հավատացրեց նա։

Հարցին, թե հաջողվում է պոտենցիալ տուրիստին ներկայացնել, որ Հայաստանը ապահով երկիր է, Արա Պետրոսյանը խոստովանեց, որ՝ լիարժեք ոչ։

«Ես կարծում եմ, որ մենք չենք կարողանում այն իրական ապահովությունը, որ մեր երկրում ունենք, դրան համարժեք տեղեկացնել։ Այստեղ մենք խնդիր ունենք, որ դա անընդհատ հասցնենք պոտենցիալ զբոսաշրջիկներին, որովհետև ի թիվս շատ այլ բաների, զբոսաշրջիկի համար շատ կարևոր է ապահով և հանգիստ լինելը։ Մենք անընդհատ ասոցացվում ենք տարածաշրջանի խնդիրների հետ, և առանձնացվելը, որ մենք այդ ամենից առանձին կղզյակ ենք, չունենք, ինչը շատ կարևոր է հանգամանք է»,- ասաց նա։

Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանում «թու, թու, թու», երբեք չեն եղել զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած պատահարներ։

Tert.am

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն