Էկո տուրիզմը Հայաստանում. Գետիկի հովիտ

ԳետիկԿապուտակ Սևանի հյուսիս-արևելքում, Միափորի և Արեգունի լեռնաշղթաների միջև կա գողտրիկ մի անկյուն` Գետիկի հովիտը,որի միջով անցնում է համանուն գետը:Տարածքը Քրիստոսից առաջ 3-րդ-4-րդ դարերում մտել է Մեծ Հայքի Արցախ և Այրարատ նահանգների մեջ,5-10-րդ դարերում եղել է Սասանյան Իրանի և Արաբական խալիֆության տիրապետության տակ:10-րդ դարի վերջին մտել է Բագրատունիների,ապա Կյուրիկյան թագավորության մեջ:1920-37-ին կազմել է Դիլիջանի շրջանի մի մասը:
Ինչպես Հայաստանում ամենուր,Գետիկի հովտում նույնպես կան բազմաթիվ տեսարժան վայրեր,որոնք ունեն իրենց ուրույն հմայքն ու հետաքրքրությունը: Իսկ գեղատեսիլ բնությունն իր անտառներով ,առվակներով ու աղբյուրներով, հովիտներով ու լեռներով ուղղակի հրաշք է: Արարիչն այստեղ ոչ մի գույն չի խնայել.հովիտը գրավիչ է տարվա բոլոր եղանակներին: Մեղմ, բարեխառն կլիման թույլ է տալիս կլոր տարին վայելել ցանկացածը:

Մեր հայրենակիցներից շատերը նախընտրում են ամառային հանգիստն անց կացնել Սևանա լճի ափամերձ հյուրանոցներից մեկում, հարմարավետ հյուրանոցներ Սեւանում շատ կան անշուշտ, բայց Գետիկի հովտում էկոտուրերի հետ զուգորդումով՝ հանգիստը և Գեղարքունիքի շրջանի ճանաչողությունը կարելի է լիարժեք դարձնել:

Եթե մեզ մոտ այցելության գաք Սևան-Ճամբարակ-Դիլիջան մայրուղով, ձեր առջև կբացվեն “Դրախտի դռները”: Մարտունին իր վայրի բնությամբ ձեզ կգրավի իր ջրվեժներով,անտառներով , ժայռերով ու հին գյուղատեղերով:Այստեղ ձեզ համար կհայտնագործեք տարածքի երբեմնի ամենամեծ եկեղեցին` Կարմիր Եղցին,որի ավերակները վկայում են նրա նախկին վեհության, նախկին գեղեցկության մասին:Այնուհետև ձեր առջև կհառնի Կարկտասարը,որ պարզապես պետք է տեսնել և վայելել:Որից հետո ճանապարհները, որով կարելի գնալ ոտքով, ձիով նաև մեքենայով, ձեզ կտանեն մի հեքիաթային աշխարհ` Կալավան գյուղը,որի մասին անվերջ կարելի է խոսել բառեր չխնայելով,սակայն դա առանձին նյութ է.պարզապես պետք է այցելել և տեսնել:
Գետիկ գյուղը ևս ձեզ առաջարկելու շատ բան ունի` Մուրղուզ լեռը, նրա փեշերին թառած պատմական բերդը,Կծու աղբյուրը,Մուղանի խաչը,քարանձավները:Տարածքի բարեկարգ ճանապարհները թույլ են տալիս Սևանից Դիլիջան մեկնել այստեղով, միաժամանակ վայելել Գետիկի հովիտը, իսկ Գոշավանքը ուղղակի քթի տակ է:

Բնական ռեսուրսներ

Մուրղուզ լեռ

Մուրղուզ լեռը լավագույն վայրն է լեռնագնացությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների համար: Լեռան բարձրությունը 2993 մետր է, ինչը հնարավորություն է տալիս զբաղվել պարաշյուտային սպորտով: Լեռան գագաթից բավականին հետաքրքիր և գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ և կովկասյան լեռներ:

Չաթինդարի ջրվեժ

Չաթինդարի ձոր կոչվող ջրվեժը Մարտունի գյուղի գեղատեսիլ վայրերից մեկն է: Այն զբոսաշրջիկներին կարող է գրավել բնական գեղատեսիլ տեսարաններով, իր շուրջ տարածվող փարթամ բնությամբ: Ջրվեժի բարձրությունը հասնում է մոտավորապես 10 մետրի, այն տեղակայված է անտառի խորքում, շրջապատված է բարձր ժայռերով :

Թթուջուր

Թթուջուրը գտնվում է համանուն գյուղում,Գետիկ գետի ափին,այն իր անվանումն ստացել է թթու համի պատճառով:Թթու ջուրը մշակված չէ: Այն չի ենթարկվել լաբորատոր լուրջ հետազոտության: Ջուրը ոչ միայն պիտանի է խմելու համար,այլև ունի նաև բուժիչ հատկություն: Այս ջրի միջոցով մարդիկ բուժել ու բուժում են մաշկային տարբեր հիվանդություններ: Կան մարդիկ, ովքեր ջուրն օգտագործում են նույնիսկ ստամոքսի հիվանդությունները բուժելու նպատակով: Բուժման նպատակով աղբյուրից ջուր վերցնելու ամենահարմար ժամանակը` վաղ առավոտյան, մինչև արևի շողերի` ջրի վրա ընկնելն ու մարդկանց անցուդարձի սկսվելը: Հակառակ դեպքում ենթադրվում է,որ կորչում են ջրի մեջ եղած օգտակար նյութերը:
Ժամանակին ցանկացել են այս հանքային ջուրն օգտագործել արդյունաբերական նպատակով, սակայն բնակիչների դեմ լինելու և ջրի պաշարի քիչ լինելու պատճառով, աշխատանքները դադարեցվել են:
Բուժիչ թթու ջրից օգտվում են ոչ միայն Թթուջուր համայնքի բնակիչները: Բուժիչ ջուրը նաեւ հրապուրում է հարևան գյուղերի բնակիչներին և զբոսաշրջիկներին: Ջրի որակի պահպանության համար կարեւոր նաեւ է պահպանել դրա տարածքի մաքրությունը:

Զաղի ձոր

Զաղի ձորը գտնվում է Գետիկի վտակներից է,և հայտնի է իր բուժիչ հատկություններով:Երկար տարիներ տեղի բնակչությունը այդ ջուրն օգտագործել է ռևմատիկ ցավերի բուժման համար:Այն նաև գտնվում է գեղատեսիլ բազմադարյա անտառի դիմաց և հրաշալի վայր է հանգստի համար:

Սոճիների անտառ

Անտառը գտնվում է Գետիկ գետի ձախ ափին ,Գետիկ գյուղի հանդիպակաց Արեգունի լեռան լանջին:Անտառում սոճիները սկսում են ծաղկել մարտի կեսերից: Սոճիները շնորհիվ իրենց եթերայուղերի մեծ հակահարված են շնչառական հիվանդությունների,բրոնխիտ,թոքաբորբ,ասթմա,տուբերկուլյոզ և նյարդային հիվանդություններ:

Պատմամշակութային կոթողներ

Կարմիր Եկեղեցի

Կարմիր եղցին կամ Գետկավանքը կառուցել է Մխիթար Գոշը 9-12-րդ դարերում: Հայտնի է որ այն մեծ վանական համալիր է եղել, շրջապատված գյուղերով: 12-րդ դարում եկեղեցին ամբողջությամբ ավերվել է երկրաշարժի պատճառով, որից հետո Մխիթար Գոշը կառուցել է Գոշավանքը: Այժմ պահպանվել են Կարմիր եղցու ավերակները, որոնք դեռևս պահպանում են իրենց գեղեցկությունը: Զբոսաշրջիկներին կարող են գրավել ճարտարապետական բարդ լուծումներով խաչքարերը, եկեղեցու պահպանված բեմը և այլ գեղատեսիլ քանդակներ: Կարմիր եղցին գտնվում է անտառի խորքում, շրջապատված է փարթամ բնությամբ: Դեպի եկեղեցու ավերակներ տանող երկու երթուղի կա, որոնցից մեկը անցնում է անտառի միջով, մյուսը հարթ, ասֆալտապատ ճանապարհով: Առաջին երթուղով անցնելու դեպքում հնարավոր է ուսումնասիրել անտառում աճող բուսատեսակներն ու ծառատեսակները:Երկորդ ճանապարհով անցնելու դեպքում կարելի է տեսնել Ձաղի ձոր կոչվող ձորը, որով կարմրավուն գույն ունեցող ջուր է հոսում, որն էլ հայտնի է իր բուժիչ հատկություններով:
Կարմիր եղցին գտնվում է Գետիկ գյուղից 4 կմ հեռավորության վրա /շուրջ 2 ժամվա ճանապարհ` ոտքով/:

Աղջաղալայի բերդ

Բերդը հանդիսանում է կայան բերդ և կառուցվել է շրջակա տարածքի համար որպես զգուշացնող թշնամու գալուստից:Այսինքն երբ թշնամին եկել է ,բերդում կրակ է վառվել,որի ծուխը հանդիսացել է որպես նշան մյուս կայան բերդերի համար:Սակայն կա ավելի հետաքրքիր մի լեգենդ,որի համար էլ այն շատ դիտարժան է:Ժամանակին այս տարածքում իշխում էր Գետո կամ Գետ իշխանը ,նա ուներ մի շատ գեղեցիկ և բանիմաց աղջիկ,ով հանդիսանում էր իր հոր մարտական խորհրդակիցը,շնորհիվ իր մարտարվեստի ընդունակությունների:
Նա միշտ ասում էր իշխանին,որ անհրաժեշտ է ամրացնել բերդը,թշնամու հանկարծակի հարձակումից խուսափելու համար,բայց իշխանը միշտ հետաձգում էր,և լինում է ամենասարսափելին,հարձակվում է Լենկ-Թեմուրը իշխանի տարածքների վրա և գրավում այն:Սակայն իշխանուհին պայքարում է և կռվում զոհվում:Իշխան Գետոն վերցնում է աղջկա դին այն դնում ոսկե դագաղում և թաղում բերդի մոտակայքում:Մինչ այժմ էլ այս պատմությունը հիմք ընդունելով,ոմանք փնտրում են ոսկե դագաղը,բայց դեռ ոչ ոք չի գտել:

Արհեստ և զբաղմունք

Գորգագործություն,կարպետագործություն և ճախարակագործություն

Դարեր շարունակ աշխարհի ժողովուրդները ստեղծել են գորգեր և կարպետներ:Հայկական գորգերը տարբերվում են այլ ազգերի գորգերից իրենց գույներով և նախշերով:Այնտեղ արտացոլվում է հայ ժողովրդի պատմությանը,կրոնը,մշակույթը և կենցաղավարությունը:
Գետիկի հովտի համանուն գյուղում գործող արհեստանոցը ձեր առջև կբացի գորգագործության և կարպետագործության գաղտնիքները:Դուք ոչ միայն ականատեսը կլինեք բրդյա թելի,կարպետի և գորգի ստեղծմանը,այլև ինքներդ մասնակիցը կդառնաք այդ ստեղծագործ աշխատանքին:

Հուշանվերներ

Գետիկի հովտի ուրույն հիշողություն և արտացոլանք են հանդիսանում հուշանվերները:Փայտից ,քարերից,բնական թելերից ծաղիկներից և այլ բնանյութերից ձեռագործ `դեկորատիվ և կիրառական իրերը,կարող են դառնալ գեղեցիկ հիշողություն զբոսաշրջիկի համար:Հուշանվերներում կգտնեք Գետիկհովտյան բույրեր,երանգներ և վերջապես ունենալ մի փոքրիկ Գետիկյան բնություն:
Հուշանվերների արվեստագործ մասնագետի հետ կարող եք անցնել վարպետաց դաս և պատրաստել ձեր հուշանվերը:

Մեղվապահություն

Մարդը մեղվի հետ առնչվել է տակավին իր պատմության արշալույսին:Մեղվաբուծությունը ամենահին մասնագիտություններից մեկն է:Այն համարվում է ժողովրդական տնտեսության համար առաջնակարգ ճյուղերից մեկը: Հայաստանում մեղվաբուծությունը տարածված է բոլոր շրջաններում, այդ թվում նաև.Ճամբարակի տարածաշրջանում գտնվող Գետիկի հովտում: Գետիկի հովիտը հարուստ է անտառներով,ծաղկաշատ դաշտերով ու ալպիական մարգագետիններով: Հենց այս նպաստավոր պայմանների շնորհիվ է, որ Գետիկի հովտի մեղրը դասվում է էկոլոգիապես ամենամաքուր և արժեքավոր մթերքների շարքին:
Գետիկի հովտում է գտնվում Մարտունի գյուղը, որը տարածաշրջանում հայտնի է մեղվաբուծությամբ և որակյալ մեղվաբուծներով:Այդ գյուղում գտնվող “Մհեր” հյուրատունը ունի իր սեփական մեղվանոցը, իր մեղվաընտանիքներով:Այստեղ հանգստացող զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ոչ միայն համտեսելու էկոլոգիապես մաքուր մեղր, այլ կարող են մասնակցել մեղվապահության ցանկացած աշխատանքի,ընդհուպ մինչև մեղրաքամի արարողությանը:Զբոսաշրջիկները կարող են ձեռք բերել մեղվաբուծական մթերքներ,որոնք օգտագործվում են թե՛ որպես հիանալի ուտեստ, և թե որպես դեղամիջոց, սպեղանի:Դրանք են՝ մեղրը, մեղվամոմը, մեղվակաթն ու ակնամոմը:

Մոթալ պանիր

Քանի որ հայ ժողովուրդն ապրում է քարերի և ժայռերի երկրում, այստեղ միշտ պահել են այծեր և ոչխարներ,և նրանց կաթն էլ հանդիսացել է մեր սննդի մի մասը: Այստեղ պանրի որոշ տեսակներ հանդիսացել են միայն հայկական և դարեր շարունակ դրանց բաղադրատոմսը փոխանցվել է մեզ: Գետիկի հովտում պահպանվել է դրանցից մոթալ տեսակը: Այն պատրաստվում է այծի կաթից միայն բնական մակարդիչով և հանդիսանում է էկոլոգիապես մաքուր սնունդ: Դուք կարող եք այցելել Գետիկի հովիտ և մասնակիցը դառնալ մի գործընթացի, որը իրականում տևում է 3 ամիս, այն փորձված պանրագործի հետ կանցնեք ընդամենը 40 րոպեում: Մոթալը այժմ հանդիսանում է տարածաշրջանի բրենդ, շնորհիվ իր միակության:

Ծառայություններ

  • Այցելություն գյուղում ապրող ընտանիք, որտեղ կտեսնեք գյուղում ապրող մարդու կենցաղը:
  • Անասնապահությամբ զբաղվող մարդկանց հետ հանդիպում, կտեսնեք թե ինչպես են կերակրում, կթում կենդանիներին
  • Կաթի մշակում, համտես
  • Կաթից պատրաստվող մթերքներ` պանրի, մածունի, կարագի պատրաստում
  • Գյուղին հատուկ կերակուրների պատրաստում և համտես
  • Մոթալ պանրի պատրաստում-3 ամսվա աշխատանքը 1 ժամում,
  • Չեչիլ պանրի պատրաստում,-թել պանիր
  • Ձկնորսություն գյուղի փոքրիկ լճակից:

Այց գորգագործական արհեստանոց, որտեղ կարող են իլիկով և ճախարակով թելի ստացման, գորգագործության և կարպետագործության վարպետաց դասեր անցնել:
Առաջարկվում է բազմատեսակ հուշանվերներ բնական նյութերից,նաև վարպետաց դասեր գորգի ,կարպետի ,ճախարակի,ավանդական ուտեստների պատրաստման ինչպես նաև պանրի որոշ տեսակների պատրաստման:Առաջարվում է նաև ավանդական նաև այլընտրանքային հյուրասիրություն:

Վարպետաց դասեր

  1. Գորգագործության,կարպետագործության և ճախարակի վարպետաց դասեր.
  2. Տևողությունը 40րոպե
  3. Հուշանվերների պատտրաստման վարպետաց դաս.
  4. Տևողությունը`40րոպե
  5. Այց ջայլամաբուծական ֆերմա
  6. Տևողությունը`40-60րոպե
  7. Կաթնամթերքի մշակում/պանիր,կարագ,մածուն/
  8. Տոլմայի պատրաստում
  9. Մոթալ պանիրի պատրաստում
  10. Մեղվաբուծության վարպետաց դաս
  11. Ժամանց լճակում,ձկնորսություն

Սնունդ

Գետիկի հովիտը հարուստ է համեղ և էկոլոգիապես մաքուր սնունդով:Գետիկի հովտում առաջարկվում են տեղական և ավանդական ուտեստներ:Այստեղ զբոսաշրջիկների համար կազմակերպվում են գյուղական հյուրասիրություններ :Զբոսաշրջիկը կարող է համտեսել առողջ և համեղ կաթնամթերք,կանաչեղեն.ավանդական ճաշատեսակներ,աղանդերներ ու խմիչքներ:
Սննդարար և մաքուր ուտելիքը ոչ միայն կարող եք համտեսել,այլև ինքներդ մասնակիցը դառնալ դրանց պատրաստմանը`ճաշատեսակներ /տոլմա, էրիշտա, թաթարբորակի, ձուկ/,
Կաթնամթերք/պանիր, կարագ, մածուն/, հայկական գաթա:

Գիշերակաց

«Համեցեք Գետիկ» հյուրատուն
Արկադի Գյուլումյան
Երկհարկանի առանձնատուն է բակով և այգիով:Պատշգամբից բացվում է տեսարան դեպի սոճիների անտառ:Տան կողքով հոսում է Գետիկ գետը,որի ձախ ափով ձգվում է Արեգունի լեռնաշղթան, որը ապահովում է մաքուր և սառը օդը:
Տունը ունի երկու ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց,կոմունալ բոլոր հարմարություններով:
Անուշ Ղուկասյան
Չորս սենյականոց առանձնատւն է ,կոմունալ հարմարություններով`մշտական ջուր,գազ,խոհանոց,լոգարան,սանհանգույց:
Երեք ննջարաններից երկուսը թարմ վերանորոգված են,մյուսը` բարվոք վիճակով: Հյուրասենյակը նույնպես վերանորոգված է,առկա է անհրաժեշտ կահույք:Տան առջև բանջարանոցն է ,այգին:Տունը ամբողջովին կտրամադրվի հյուրերին:Նրանց սնվելու,զբաղեցնելու գործերը կհոգամ անձամբ,քանի որ ներկա պահին ապրում եմ միայնակ:
Նաև տիրապետում եմ գերմաներենին,անգլերենին ու ռուսերենին:
Այունց Արա
Ունեմ հյուրերի համար նախատեսված երկու ննջասենյակ,անհրաժեշտ հարմարություններով,այգին ու հոգատար վերաբերմունքը հատկապես դուր կգա մեծահասակ մարդկանց ,ում նաև կտրվի էկոլոգիապես մաքուր նախաճաշ:Ցանկության դեպքում նաև ճաշ և ընթրիք:Մոտակա սոճիների անտառը և բուժիչ ջուրը կապահովեն մաքուր օդն ու հանգստությունը:
Ղալեչյան Հայկ
Հյուրերի համար նախատեսված մեկ սենյակ`երկու հոգու համար,անհրաժեշտ կոմունալ հարմարություններով:Սենյակը գտնվում է երկհարկանի առանձնատան երկրորդ հարկում,առանձնատունը գտնվում է Գետիկի գեղեցիկ մի անկյունում,հրաշալի տեսարան է բացվում դիմացի անտառը,իսկ տունը գտնվում է ձորակի ափին:Տնտեսությունը զբաղվում է մեղվաբուծությամբ և անասնապահությամբ:

Երթուղիներ

1.
Գործում է երթուղի Մարտունի-Չաթինդարա ջրվեժ-Կարմիր եղցի վանական համալիր
Երթուղին իրակացվում է ոտքով, որը կտևի մեկ օր:Այդ ընթացքում հյուրերը կայցելեն վանական համալիրի ավերակները, կհիանան միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոց համարվող խաչքարերով, ճանապարհին կհանգստանան Չաթինդարա ջրվեժի մոտ, որտեղ և կճաշեն, կհանգստանան,ապա կշարունակեն ճանապարհը դեպի Կարմիր եղցի:Որտեղ կծանոթանան համալիրի պատմությանը , կլուսանկարվեն , ապա կվերադառնան հյուրատուն՝ հանգստանալու և ընթրելու: Ճաշ, ընթրիք

2.
Արշավ Գետիկից դեպի Մուրղուզ լեռ/ 2897 մ/ , որտեղից կարող են դիտել Կովկասյան լեռները, որից հետո կայցելեն Սպիտակ բերդ, ուր կծանոթանան բերդի պատմությանը: Արշավը կարող է լինել ինչպես ոտքով,այնպես էլ ամենագնացով ` ցանկացողների համար :Ամենագնացը զբոսաշրջիկներին կտանի մինչև անմիջապես Մուրղուզի ստորոտը: Ճաշ, ընթրիք

3.
Մշակութային տուր Գետիկի հովտում: Տուրը տևում է մեկ օր,նախ այցելում ենք Թթուջուր գյուղ,որտեղ զբոսաջրջիկները կծանոթանան Մոթալ պանիրի ստացման տեխնոլոգիային, և 3 ամսվա աշխատանքը վարպետ-պանրագործի հետ կկատարեն մեկ ժամում:Այնուհետև կայցելեն գյուղի անունը կրող Թթուջուր հանքային աղբյուրը:Վերադարձին կայցելեն Գետիկում գործող գեղեցիկ ձկնաբուծարան,որը նաև ժամանցի գոտի է հանդիսանում,այնտեղ էլ կճաշեն,համտեսելով տեղական ձուկը,ցանկացողները կարող են ձկնորսությամբ զբաղվել:Ճաշից հետո կլինի նախատեսվում է այց Գետիկի “Լույսի թելեր” գորգագործական արհեստանոցը,որտեղ կծանոթանան գորգագործությանը,կարպետագործությանը,և ավանդական եղանակով թելի ստացման պրոցեսին,ցանկության դեպքում զբոսաշրջիկն ինքը կարող է մասնակիցը դառնալ այդ արհեստներին վարպետ գորգագործի օգնությամբ:Նաև արհեստանոցում գործում է տեղական հուշանվերների ցուցահանդես/փայտե իրեր,գործվածքներ,կիրառական և կենցաղային հուշանվերներ,դեղաբույսեր/ և վարպետաց դասեր:Այնուհետև կայցելենք ընթրիքի համար նախատեսված հյուրատունը,որտեղ ընթրիքը կուղեկցվի հայկական երգով ու պարով:
Այց գորգագործական արհեստանոց, Այց ձկնաբուծարան, Մոթալի ստացում

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝,