Առողջապահական տուրիզմը Հայաստանում

ՋերմուկԱռողջապահական տուրիզմ. Հայաստանի ու Հարավային Կորեայի տարբերությունները

Վերջին շրջանում շատ են խոսում առողջապահական զբոսաշրջության մասին: Դրան նպաստեցին Սերժ Սարգսյանի այցը Հարավային Կորեա ու կորեական մամուլի արձագանքները: Իրականում առողջապահական զբոսաշրջությունը հազարամյակների պատմություն ունի ու զբոսաշրջության տեսակների մեջ հնագույնն է: Առողջարանային զբոսաշրջության նախակարապետը հռոմեական բաղնիքներն են: Բաղնիքը, բուժիչ ցեխերը, հանքային աղբյուրները մեր թվարկությունից առաջ էլ համարվել են առողջարանային գոտիներ: Գառնիի արքունական բաղնիքը՝ կառուցված երրորդ դարում, նույնպես հավակնում է այդ դերին: Եվրոպայում 1900-ական թվականներին բոլոր առողջարաններն էլ ձևավորվել են հիդրոթերապիայի ու լոգանքային ծառայությունների շուրջ, այսինքն` առողջարան հիմնելու առաջին պայմանը բուժիչ աղբյուրների առկայությունն էր: Այնուհետ սկսեցին առողջարաններ ի հայտ գալ ծովափերին կամ լեռնային այնպիսի գոտիներում, որտեղ բուժիչ աղբյուրներ չկային, սակայն հանգստացողը կարող էր որոշակի թերապևտիկ ծառայություններ ստանալ: Ընդլայնվել է նաև առողջարանային ռեսուրսը` այն կարող է լինել ոչ միայն բուժիչ աղբյուրը, այլև լեռնային մարգագետինը, գեղեցիկ անտառային լանդշաֆտը, քարանձավների որոշակի տեսակներ և այլն: Եվրոպայում առողջարանային զբոսաշրջության առաջատարը Չեխիան է՝ Կառլովի Վարի կուրորտային կենտրոնով: Սակայն զբոսաշրջության այս տեսակը զարգացած է բազմաթիվ երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա և այլն:

Վերջին շրջանում զարգանում է նաև «վիրահատական զբոսաշրջությունը», երբ այցելուի համար կարևորը ոչ թե տեղանքն է, այլ կոնկրետ բուժհաստատությունն ու նրա մատուցած ծառայությունը: Այս հարցում էապես առաջադիմել է Իսրայելը՝ ստեղծելով ուռուցքաբանական մի քանի կենտրոն:

Վիճակագրությունը փաստում է, որ վերջին 20 տարիների ընթացքում առողջարանային զբոսաշրջության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է ամբողջ աշխարհում: Սա զգալի հեռանկարներ է բացում նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով և՛ ավանդույթները, և՛ առողջարանային բնական գոտիների առկայությունը: Համարվում է, որ միայն ԱՄՆ-ում 110 մլն-ից ավելի խրոնիկ հիվանդ կա, որոնց առողջապահական պոլիսը չի ծածկում բուժման բոլոր ծախսերը: Իսկ քանի որ ԱՄՆ-ում բուժումը շատ թանկ է, շատ ամերիկացիներ նախընտրում են բուժվել արտասահմանյան առողջարաններում: Հարավային Կորեայի իշխանությունները հատուկ սուբսիդիա են տրամադրում առողջապահական կենտրոններին՝ արտասահմացի հիվանդներին գնային ավելի մրցունակ առաջարկներ անելու համար:

Հայաստանում առողջապահական տուրիզմը զարգացած էր հատկապես խորհրդային շրջանում, երբ ստեղծվեցին Ջերմուկի ու Արզնու առողջարանային գոտիները: Ընդհանրապես, Խորհրդային Միությունը մեծ տեղ էր հատկացնում առողջարանային զբոսաշրջությանը՝ որպես առողջ ապրելակերպի միջոց:

Արզնու առողջարանային գոտին վաղուց է դադարել այդպիսին լինելուց՝ վերածվելով քեֆչիների սիրելի վայրի: Իսկ Ջերմուկն այս պահին Հայաստանի ամենաթանկ հանգստյան գոտին է՝ շատ փոքր չափով օգտագործելով իր հսկայական առողջապահական ռեսուրսը: Սակայն Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը լուրջ խոչընդոտ է առողջարանային ծրագրի համար: Հայաստանում միայն 3 վայրերի համար են կազմված զբոսաշրջությա զարգացման ծրագրեր` Ջերմուկ, Ծաղկաձոր և Տաթեւ, ու դրանցից միայն Ջերմուկն ունի առողջարանային ուղղվածություն:

Առողջարանային զբոսաշրջության լուրջ պոտենցիալ ունեն նաև Արզնին եւ Աղվերանի գոտին: Արզնու նախկին ենթակառուցվածքները քայքայվել են, այնինչ այն շատ հարմար է Երևանին մոտ լինելու առումով: Աղվերանի գոտին զարգանում է ինքնաբերաբար ու որպես ոչ առողջարանային գոտի: Այնինչ Աղվերանի ձորն ունի եզակի միկրոկլիմա, ինչն անգնահատելի է նյարդային ու մի շարք հիվանդությունների դեպքում: Ցավոք, այս ռեսուրսը թերի է օգտագործվում, Աղվերանի ձորում տեղակայված հանգստյան տներից ու հյուրանոցներից ոչ մեկը չի առաջարկում թերապևտիկ ու առողջարանային ծառայություններ:

Հայաստան այցելում են նաև որոշ վիրահատությունների համար, հատկապես՝ պլաստիկ: Գալիս են և՛ Ռուսաստանից, և՛ Եվրոպայից, և՛ անգամ Ասիայից: Քչերը գիտեն, հավանաբար, որ Հարավային Կորեայի քաղաքացիները Հայաստանում նախընտրում են հասակի երկարացման վիրահատություն անցկացնել: Երևանի Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնում նման վիրահատություններն արժեն 30-40 հազ. դոլար, այնինչ Եվրոպայում դրա համար հարկ կլինի մի քանի անգամ ավելի բարձր գին վճարել: Երևանը հայտնի է նաև որպես քթի պլաստիկ վիրահատման համեմատաբար էժան կենտրոն:

Սակայն, զբոսաշրջության առողջարանային ուղղվածությունը Հայաստանում առայժմ լուրջ բիզնես հետաքրքրություն չէ, իսկ պետական հատկացումներ չեն արվում (ինչպես Հարավային Կորեայում): Սակայն, ակնհայտորեն, առողջարանային բիզնեսը հայկական զբոսաշրջային համակարգի մրցունակության բարձրացման կարևոր գործոն կարող է դառնալ:

Սամվել Ավագյան
Hetq.am

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝,