Ճանաչողական այց դեպի Լոռվա Օրրանն

Հայկական տարազներով տիկնիկներ

Հայկական տարազներով տիկնիկներ

Ապրիլի 17-ին Բարև Արմենիա տուրօպերատորի ներկայացուցիչները զբոսաշրջային ոլորտի բազմաթիվ այլ ներկայացուցիչների հետ ուղևորվեցին դեպի «Լոռվա օրրան» հայկական մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային տուն ճանաչողական տուրին մասնակցելու համար: Վերջինս տեղակայված է Փամբակ համայնքում` Վանաձոր քաղաքի մոտակայքում: Տուրը կազմակերպել էր Սոսե բարեգործական ՀԿ-ն, որը, ֆինանսավորվելով ԵՄ-ի կողմից, իրականացնում է ծրագիր նվազեցնելու աղքատությունը, գործազրկությունը ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով: Այսպիսով ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են Լոռվա մարզի բնակիչները և տուրին տարբեր ծառայություններ էին մատուցում: Գյուղական տուրիզմը Հայաստանում զարգացման խոստումնալից տեմպեր ունի և այս նախագիծը դրա վառ ապացույցներից մեկն է:

Լավաշի թխման արարողություն

Լավաշի թխման արարողություն

Միջոցառումը սկսվեց հայկական ավանդական հացի` լավաշի թխման արարողությամբ: Լավաշը պատրաստում էին վերապատրաստված տեղի բնակիչները, իսկ նրանցից մեկը` հայկական տարազ հագած, բացատրում էր լավաշի պատմությունն ու խորհուրդը և պատրաստման արարողույթյունը: Ճիշտ է, լավաշ թխողներն ու ներկայացնողը դեռ այդքան էլ հմուտ չէին իրենց գործում, փոքր-ինչ կաշկանդվում էին խոսելիս, գուցե և նրանից էր որ, առաջին անգամ էր ելույթ ունենում հանրության առաջ, սակայն շատ գովելի էր այն փաստը, որ բոլորը երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ էին, և համոզված եմ, որ դա ընդամենը ժամանակի խնդիր է:

Գինիներ, քաղցրավենիք

Գինիներ, քաղցրավենիք

Թարմ, տաք լավաշի հետ մատուցվեցին նաև շատ համեղ գյուղական ուտեսներ՝ տնական պանիր, տարբեր տեսակի թթուներ, ռեժան, խնոցու մեջ հարված կարագ և այլն: Հաջորդ՝ աղանդերով լի տաղավարում մեզ սպասում էին մուրաբաների, հայկական ավանդական քաղցրավենիքների (գաթա, փախլավա, փոխինձ), գինիների և բույսով թեյերի տեսականիներ:

Հայկական հյուրասիրութուն

Հայկական հյուրասիրութուն

Այստեղ կարելի էր համտեսել Հայաստանում պատրաստվող գրեթե բոլոր մուրաբաները, օրինակ սերկևիլի, սալորի, թզի և այլն: Կավե կժերով մատուցվեցին նաև մոշի, մոռի, խաղողի տնական գինիներ: Այնուհետև շատ մանրամասն ներկայացվեցին Լոռվա մարզի դեղաբույսերը և դրանց բուժիչ հատկությունները. համտեսեցինք դեղաբույսերից պատրաստված թեյեր, իսկ ցանկության դեպքում կարելի էր գնել դրանք: Տեղի բնակիչը, ով ներկայացնում էր դեղաբույսերը, կարծես քայլող շտեմարան լիներ. կատարյալ կերպով տիրապետում էր տվյալ նյութին:

Քանդակագործ – փայտագորգ` Սուսաննա Օհանյան

Երրոդ տաղավարը ձևավորված էր բազմազան գույներով և նախշերով: Այնտեղ կարելի էր հիանալ Հայաստանում գուցե և միակ քանդակագործ – փայտագորգ կնոջ ` Սուսաննա Օհանյանի ստեղծագործություններով: Նրա գործերում կարելի էր բացահայտել հայկական ավանդական զբաղմունքներին վերաբերող աշխատանքներ. «Հորովել», «Ձիթհանք», «Պայտում», «Իլիկի մանում»: Տեսանք նաև նրա մեկ այլ ստեղծագործություն. Թումանյանի հեքիաթներից բազմաթիվ հերոսների կերպարները մեկ փայտի վրա: Հաշվապահի մասնագիտությամբ այդ կին քանդակագործը այնքան ոգևորվածությամբ էր պատմում իր ստեղծագործությունների, հայկանական ավանդույթների մասին, որ միայն հիացմունքի էր արժանի: Այնքան խորը և տաղանդավոր կին էր և ցավալի էր այն, որ մինչ այս ծրագիրը մշտական աշխատանք չուներ: Հաջորդը աչքի ընկան հայկական տարազները, որոնք կարելի էր նաև փորձել և լուսանկարվել դրանցով: Ես ինքս փորձեցի հարսանեկան ավանդական հագուստը, որն ի դեպ ժամանակին օրիորդները իրենք իրենց ձեռքով պետք է գործեին հարսանիքի համար:

Ձեռագործ հարսանեկան տարազ

Ձեռագործ հարսանեկան տարազ

Փորձելով այն՝ հստակ սկսեցի գիտակցել, որ մեծ հաճույքով կամուսնանայի հենց այդ զգեստով, որն ինձ համար նաև շատ մեծ պատիվ կլիներ: Շատ գեղեցիկ ձևով ներկայացվեց տարազների պատմությունը, քարտեզագրությունը, տարազների որոշ հատվածների (օրինակ գոտիների) խորհուրդը: Այնուհետև մեզ սպասվում էր անակնկալ. վերապատրաստում անցած մի բնակիչ մեզ ներկայացրեց հայկական հարսանիքի ավանդույթները, ներկաներին տրվեցին դերեր (հարս, փեսա, սկեսուր), դերեր ստացած մասնակիցները հագան հայկական տարազային հագուստ (ըստ ստացած դերակատարության), այնուհետև բոլոր ներկաներին սկսեցին սովորեցնել հայկական պարի էլեմենտներ և փորձեցինք միասին պարել հայկական հարսանեկան պար: Հարկ է նշել, որ հարսանիքը կազմակերպված էր շատ հետաքրքիր և վարողը շատ պրոֆեսիոնալ կերպով էր ներկայացնում ամեն ինչ: Այսպիսով, լի անմոռանալի հիշողություններով, վերադարձանք Երևան և հուսամ դեռ կրկին կայցելենք այդ պատմության հետքերով լեցուն տեղանքը:

Շուրջպար գործընկերների հետ

Շուրջպար գործընկերների հետ

Այժմ, քանի որ Հայաստանում առկա է գործազրկություն և աղքատություն մարզերում, նման ծրագրերի իրականացումը մեծ խթան կարող է հանդիսանալ, որպեսզի գյուղացիները, իրենց արտադրանքները հանրությանը` մասնավորապես զբոսաշրջիկներին ներկայացնեն, այդպիսով վաճառքի միջոցով ունենալով իրենց եկամուտը, իսկ «Լոռվա օրրան» ժամանցային տունը կարելի է ներառել Հայաստան – Վրաստան տուրի մեջ, քանի որ այն գտնվում է տվյալ երթուղու վրա և հնարավորություն է տալիս բացահայտել տվյալ մարզի ողջ գրավչությունը և առանձնահատկությունը:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝