Նովրուզը Հայաստանում

Նովրուզը ՀայաստանումԲազմաթիվ իրանցիներ կրկին գերադասում են Երևանում անցկացնել իրենց Ամանորը: Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելացել է և վերականգնվել նախկին ցուցանիշը: Դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքն ավելացել է: Էկոնոմիկայի նախարարությունը հույս ունի, որ սա կհանգեցնի իրանցիների այցելության նախկին ցուցանիշի վերականգնմանը: Մինչև 2011թ.-ը. իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելանում էր, սակայն Իրանում արտարժույթի կուրսի ճգնաժամի պատճառով երկրից զբոսաշրջիկների հոսքը 2012-ից սկսել է նվազել ու 2013-ին հասել է ընդամնեը 94 հազարի:

Երևանի փողոցներում ընտանիքներով ու ընկերներով շրջող Իրանի քաղաքացիների խմբերն ազդարարում են պարսկական Ամանորի` Նովրուզի գալստյան մասին, որը նշվում է գարնանային գիշերահավասարի ժամանակ:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս բազմաթիվ իրանցիներ Նովրուզը նշում են Հայաստանում, որն սկսվում է մարտի 20-ին և շարունակվում տասը օր:

Իսանֆուր Մենոհիլը Երևան է ժամանել Թեհրանից հարազատների հետ միասին: Ասում է`պարսիկների համար ավանդույթ է ամեն տարի Նովրուզը նշել որևէ այլ երկրում: Ընտրել են Հայաստանը ընկերների խորհրդով, որոնք նախորդ տարի այստեղ են անցկացրել Նովրուզը:

«Գները, ի տարբերություն Թեհրանի, բավական մատչելի են: Բացի այդ, այստեղ կյանքն ավելի «բաց» է, տեսնում եք` մենք առանց գլխաշորի ենք ման գալիս, և սա նաև փորձություն է մեզ համար»,- ասում է Իսանֆուր Մենոհիլը ծիծաղելով:

Ըստ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի` նախորդ տարի Նովրուզի օրերին 20 հազար Իրանի քաղաքացի է այցելել Հայաստան, 2009-ին` 8700: Այս տարի ակնկալվում է, որ այդ թիվը կաճի 40 տոկոսով, այսինքն` 28.000 զբոսաշրջիկով ավելի:

«Տարեցտարի Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացում է նկատվում: Նախորդ տարի Հայաստանի սահմանը հատել է 140 հազար Իրանի քաղաքացի: Այցելուների 70 տոկոսը գալիս է ընտանիքներով: Նրանք այցելում են նաև մեր պատմամշակութային հուշարձաններ, անգամ բողոքում, որ պատմամշակութային հուշարձանների տեղեկատվական վահանակները պարսկերեն տեղեկատվություն չեն պարունակում»,- ասում է Մեխակ Ապրեսյանը:

Ապրեսյանը նշում է, որ այս տարի աշխատանքներ են կատարվում, որ Հայաստան այցելած իրանցիներից բողոքներ չլինեն: Նախորդ տարի նրանց կողմից որոշակի դժգոհություններ կային ծառայությունների, հատկապես տաքսիների բարձր գների վերաբերյալ։

Երևանի ճարտարագիտական համալսարանի ուսանող 29-ամյա Հույան Օլիփուրը արդեն հինգ տարի Հայաստանում է: Նովրուզի առթիվ հյուրեր ունի Իրանից: Ասում է, որ ընկերները դժգոհում են հատկապես տաքսու վարորդներից, որոնք օգտվելով առիթից` զբոսաշրջիկներից ավելի շատ գումար են վերցնում:

Ընկերների հետ առաջին անգամ Իսպահանից Երևան եկած 28-ամյա Աբբոս Զախարին ասում է, որ հետևել է քրոջ խորհրդին, ով անցյալ տարի Հայաստանում է անցկացրել Նովրուզը:

«Շուտով իմ սեփական տուրիստական գործակալությունն եմ բացելու Իրանում և նպատակ ունեմ զբոսաշրջիկներին հետագայում առաջարկել այս երկիրը: Հայաստանը գեղեցիկ է, բայց կարծում եմ` որոշ ծառայություններ բարելավման կարիք ունեն»,- ասում է Աբբոս Զախարին:

Նա նշում է, որ վարորդները, պետավտոտեսուչները անգլերեն չգիտեն, ինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների հետ շփումը, քիչ են նաև տեղեկատվական վահանակները:

Ըստ փորձագետ Տիգրան Դավթյանի` աշխարհում գրեթե 300 մլն մարդ նշում է Նովրուզը։

«Իրանցիները նախընտրում են Հայաստանը, քանի որ իրենց երկրում արգելվում է էստրադային երաժշտություն լսել և ալկոհոլ օգտագործել։ Բացի այդ, երկու երկրներն ունեն բարիդրացիական հարաբերություններ, գործում է վիզային պարզեցված ռեժիմ»,- ասում է Տիգրան Դավթյանը:

Իրանցի զբոսաշրջիկները նույնպես հավաստում են, որ Հայաստանում հնարավորություն են ունենում նաև լսելու իրենց սիրելի երգիչներին` Անդիին, Կուրոսին, Լեյլային և այլոց:

Փորձագետ Տիգրան Դավթյանն ասում է, որ Հայաստանը չունի մեկ շաբաթում այդքան մեծ թվով՝ 20-30 հազար զբոսաշրջիկ ընդունելու փորձ, և Երևանի քաղաքապետարանն այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ ունի կատարելու:

«Չէ՞ որ զբոսաշրջիկների շնորհիվ մեծ գումարներ են գալիս Հայաստան։ Ես հաշվել եմ՝ միայն Նովրուզի տոնին 20 մլն դոլար է մտնում Հայաստան»,- ասում է փորձագետը։

Ըստ Աբբոս Զախարիի` մեկ իրանցի զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 700- 1000 ԱՄՆ դոլար:

Մինչ նրանք զրուցում են «ԱրմենիաՆաուի» հետ, երևում է, որ Զախարիի և նրա ընկերների պայուսակներում հայկական կոնյակի շշեր են: Անկեղծորեն ասում են, որ Իրան չեն կարող տանել`արգելված է, փոխարենը կհասցնեն համտեսել Հայաստանում:

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱրմենիաՆաու

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն