Հին Երևան պատմա-ճարտարապետական միջավայր

Հին Երևան պատմաճարտարապետական միջավայրը նախատեսված է իրականացնել գլխավոր պողոտայի տարածքում` մոտ 2.2 հա մակերեսով Աբովյան, Փ.Բուզանդ, Ե. Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող թաղամասում: Սա քաղաքի միակ հատվածն է, որտեղ պահպանվել է պատմական կառուցապատումը: Կիրառական տեսակետից` տարածքը Երևանի կենտրոնական թաղամասում է` հետիոտնային շարժման ամենաբանուկ հատվածում: Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը եւ ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի եւ 20 դարասկզբի բնակելի տների բնօրինակներն են` միաձուլված ներքին բակերով եւ այգիներով, միավորված ազգային ձևերի միասնական հոգով թաղամասային կառուցապատման ընդհանուր համալիրում:
Իրենց շեշտով, ռիթմով, չափերով և ներդաշնակությամբ այն ինքնաբերաբար ստեղծված անկրկնելի ճարտարապետազգացմունքային միջավայր է: Այդ ամենի հետ մեկտեղ` բացահայտ ընկալվում է ըստ ժամանակի ոճային տարատեսակ կառուցապատումը, որը հնարավորություն է տալիս հետևել ճարտարապետության զարգացմանը ողջ դարաշրջանի ընթացքում: 19-րդ դարի առաջին կեսի կառույցների պատերի գունագեղ աղյուսե շարվածքը կամ ավելի ուշ ժամանակի կառույցների տուֆի ռուստը, զուսպ կամ հարուստ զարդարված ճակատները, զարդանախշ, փայտե կամ մետաղե պատշգամբները, միշտ գերիշխող ճակտոնները եւ միջանցիկ անցումների կամարները միահամուռ ստեղծում են Երեւանի բնակելի թաղամասի ճարտարապետաքաղաքաշինական կերպը, որտեղ յուրաքանչյուր կառույց ուրույն երանգ է հաղորդում փողոցների ճարտարապետագեղարվեստական ձեւավորման և ցուցադրանքի արտահայտչականության մեջ: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվում է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով:
Վերջին գործողությունն արդարացվում է մի քանի նկատառումներից ելնելով: Առաջինը՝ կարգավորվում է տարածքը՝ գեղագիտորեն կանոնավորված ճարտարապետաքաղաքաշինական միջավայր ստեղծելու տեսանկյունից: Խնդիրը ժամանակի ընթացքում կառույցների միջև չկառուցապատված ազատ արածությունների
կարմիր գծի վերալցնելն է. այդ տարածքները զբաղեցված են պատմականորեն չհիմնավորված կառույցներով:
Հին Երևան

Երկրորդը՝ լուծվում է վաղ ժամանակներում քանդված և կորած պատմության ու մշակույթի հուշարձանները վերականգնելու խնդիրը: Երրորդը՝ հնարավորություն է ստեղծվում արգելանոցային գոտու տարածքում տեղափոխման եղանակով վերաստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր՝ ժամանակակից խիտ բարձրահարկերով կառուցապատումը համադրելով 19-20 դդ ճարտարապետական ստեղծագործություններով: Ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն է` վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրական և մշակութային նշանակությունը: Դրանք հարմարավետ սրճարաններ և ռեստորաններ են, որոնք դուրս են գալիս դեպի բաց սրահներ և այգիներ (դրանք բնորոշ են շոգ կլիմայով երկրներում), մասնագիտացած ցուցասրահների և թանգարանների խանութ-սրահներ են, գեղարվեստական սրահներ, ոչ մեծ բարձրակարգ հյուրանոցներ և այլն:
Նախագծի ճարտարապետական մեկնաբանման մեջ օտագործվում են հին և նոր ձևերի հակադրվող կամ ներդաշնակ համեմատություններ` փայտե նախշազարդ
կամարաձեւ սրահներն ապակեպատ հարթություններով, հին տների կանաչ և բաց տարածությունները` ժամանակակից ձևերով ու շատրվաններով:
Թաղակապ քարե նկուղները` հին տան կառուցվածքի յուրօրինակ տարրերը, զարգանում են ստորգետնյա երեք ավտոկանգառի հարկերում, որոնք լայնությամբ ձգվում
են ողջ թաղամասի երկայնքով: Ավտոկանգառներում կլինի հանրային օգտագործման 1400 մեքենայի տեղ, որով էապես լուծվում է շրջակա փողոցների ավտոկանգառների խնդիրը:

Նախագիծն իրագործելով` կլուծվեն նաև զբոսաշրջային երթուղու հիմնական խնդիրները:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝