Անկախ Հայաստանի ներգնա տուրիստական շուկան

Հայկական ներգնա տուրիզմը. սկիզբ, զարգացում, հեռանկարներ

 

– Ինչպես ձևավորվեց Հայաստանի ներգնա տուրիստական շուկան՝ ինչ հանգամանքներում, ինչպես ու ինչից սկսվեց ամեն ինչ:

Անկախ Հայաստանի ներգնա տուրիստական շուկան նշանակալից մետամորֆոզներ է ապրել վերջին 25 տարիների ընթացքում: Նախ անկախության առաջին տասնամյակում տուրիզմի մասին խոսք անգամ լինել չէր կարող, որովհետև պատերազմն ու հետսովետական տնտեսական անկման կոլապսը այնպիսի ռիսկեր են, որոնք չեն համադրվում իր բնույթով ժամանց ու հանգիստ ենթադրող այնպիսի երևույթի հետ ինչպիսին տուրիզմն է: Եվ կարելի է ասել որ ոլորտի պատմությունը 2000-ականների սկզբից է սկսվում, երբ Հայաստանում քիչ թե շատ տանելի ու կայուն տնտեսական իրավիճակ էր: Մեր առաջին զբոսաշրջիկները, եթե կարելի է այդպես ասել՝ սփյուռքի մեր հայրենակիցներն էին, որոնց համար սովետական երկաթե վարագույրի փլուզումը մեծ խթան հանդիսացավ հայրենիքը վերաիմաստավորելու ու այն ընտանեկան կամ համայնքային կազմակերպությունների անդամներից ձևավորվող խմբերի կազմում այցելելը: Սփյուռքահայերի մեծ հոսքը կարելի է ասել, ստեղծեց հայկական տուրիզմը՝ դրանից բխող դրական և ոչ այնքան առողջ գործոններով: Ազգությամբ հայ, բայց երբև պատմական հայրենիքում չեղած մարդու համար Հայաստան գալը մի տեսակ տուրիզմի, ուխտագնացության ու հայրենադարձության համախառնուրդ է՝ լի զգացմունքայնությամբ ու այդպիսի մարդուն գոհացնելն առանձնապես մեծ ջանք չէ, որովհետև նրա համար ամեն ինչ հետաքրքր ու հուզիչ է: Նաև այդպիսի այցելուի համար հետաքրքրության օջախները հայկական պրոպագանդվող ինքնության հետ խիստ ասոցացվող վայրերն են՝ հատկապես եկեղեցիները, Արարատով բնապատկերը, Ծիծեռնակաբերդը, պատմությունները առաջին քրիստոնեա երկիր լինելու, և առհասարակ շատ բաներում առաջինը ու հնագույնը լինելու մասին ազգությամբ հայի ականջին հաճո գաղափարների ու պատմությունների բազմապատկումն ու կարծրացումը: Այս երևությի դրական կաղմն այն էր, որ Հայաստանը, առանց տուրիստական ինդուստրիա ունենալու, փաստացի ահռելի պահանջարկ գեներացրեց, իսկ բացասականը, որի մասին թերևս երբեք չի խոսվել՝ ու խոսելն էլ ազգային դավաճանության պիտակավորման կարող է արժանանալ, այն է, որ սփյուռքահային հաճո տուրիստական պրոդուկտը դարձավ հետագա 10 և ավել տարիների հայկական տուրիզմի կարծրատիպը կոնցեպտուալ իմաստով, այն է՝ տուրիստին տար Գառնի Գեղարդը ցույց տուր, Էջմիածինն ու Զվարթնոցը, ևս մեկ տասնյակ այլ վանքեր, լավ խորոված հյուրասիրիր ու ճանապարհի, թող գնա երջանիկ: Այս բացարձակ ոչ մրցակցային շուկայական իրավիճակը տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը խոչընդոտելու էֆեկտ նույնպես ունեցան, որովհետև մենք ներքին պարտավորվածություն չէինք զգում ավելի հարմարավետ ու բարձր մակարդակի սպասարկում ունեցող հյուրանոցների, ավելի հարմարավետ մեքենաներ ունենալու, տեսարժան վայրեր տանող ճանապարհները վերանորոգելու և նման այլ բաների վրա, քանի որ հիմնվում էինք հայրենիքն ավելի խեղճ ու ավելի սփյուռքի օգնության կարիքն ունեցող իմիջով ներկայացնելու:
Սա սկիզբն էր, որը սկզբի համար այնքան էլ վատ չէր իրականում, որովհետև տարերայնորեն ծնեց գոնե որոշակի մասնագետների ու ենթակառուցվածքների բազա: Բայց առաջին օտարազգի հյուրերի հետ մենք սկսեցինք հասկանալ, որ մեկ շաբաթում տասնյակ եկեղեցիներ ցույց տալն այնքան էլ զվարճալի չէ օտարազգի զբոսաշրջիկնին: Եվ իրականում այդ սկզբի ծնած տուրպրոդուկտի ձևավորման կարծրատիպերը մինչ այսօր էլ հետապնդում են մեզ, ու եթե նունիսկ շատ լավ ենք հասկանաում, որ ստանդարտ տուրիստական երթուղիների վերաիմաստավորման ու կողմնակի ծառայություններով համալրման կարիք կա, մենք ընդամենը վաճառող ենք, ենթաառուցվածքների ստեղծման առումով մասնավոր ներդրողների և պետական կառույցների աշխատանքը խիստ դանդաղկոտ է: Բայց գործ ամեն դեպքում արվում է: Ամենադասական օրինակը՝ Տաթևեր ճոպանուղին է, ընդամենը մի նախագիծ, որը մի ամբողջ շրջանի զարգացման զգալի խթան հանդիսացավ, նախ հարավային երթուղին դարձնելով ամենապահանջվածներից մեկը, հետո բազմաթիվ փոքր հյուրանոցների, հյուրատների ու ռեստորանների կառուցումով:

– Ի՞նչ է նշանակում այսօր հայկական ներգնա տուրիզմ, արդյո՞ք դա միջազգայնորեն ճանաչելի տուրիստկան պռոդուկտ է:

Այս պահին մենք արդեն ունենք մշակված ու ձևավորված բազմաթիվ պատմամշակութային և ակտիվ տուրիստական երթուղիներ, փորձառու մասնագետների, ցանկացած կարգի հյուրանոցների, բարձրակարգ տրանսպորտային միջոցների ու գրավիչ ճաշացանկով ռեստորանների ձևավորված բազա և այս ամենը ձևակերպող ու վաճառող ընկերութունների կայուն մրցակցություն: Ի դեպ ներգնա տուրիզմը հազվագյուտ բավականին բարձր մրցակցային ոլորտներից մեկն է Հայաստանում և սա ազդում է խելամիտ գնագոյացման ու ծառայութունների քանակի ու որակի բարձրացման վրա: Դասական՝ պատմամշակութայն տուրերից բացի կարողանում ենք առաջարկել նաև ակտիվ, ձմեռային, բուժական, խոհարարական, գինեգործական, հնագիտական, գյուղական, էստրեմալ, թռչնադիտարկման և ժամանակակից տուրիզմի բազմաթիվ այլ նեղ հետաքրքրություններով մարդկանց պահանջները բավարարող պռոդուկտներ: Սակայն զարգացման այս փուլում մենք ունենք արդեն ինստիտուցիոնալ ու առավել մակրոտնտեսական բնույթի շատ լուրջ հարցեր:
Ամենաէականը պետության ոչ ակտիվ մասնակցությունն է ոլորտի զարգացմանը՝ Հայաստանն իբրև ճամփորդական ուղղություն միջազգային շուկաներում գիտակցված ու մշակված փաթեթավորումով promotion-ը գրեթե բացակայում է: Այս մրցակցային թույլ կողմը ակնհայտ է դառնում միջազգային ցուցահանդեսներում, որբ մեր հարևան բոլոր երկրները պետական փողով ձևավորված հսկա թեմատիկ տաղավարներով են հանդես գալիս, իսկ մենք առանձին կազմակերպութոյւնների միջոցներով ու ջանքերով հատ-հատ, փոքրիկ, չտպավորող սեղանիկներով: Ենթակառուցվածքների՝ ճանապարհների, հանրային զուգարանների, տեղեկատվական կենտրոնների ստեղծման, մասնագետների պատրաստման կրթական ծրագրերի, սպասարկման ստանդարտների մշակման, օրենսդրական ու հարկային բարեմփոխումների առումով նույնպես գրեթե ոչինչ չի արվում:

– Հարևանների հետ համեմատած հատկապես ինչ թույլ ու ինչ ուժեղ կողմեր ունենք: մի երկու զուգահեռ՝ հարևան վրացիների հետ, օրինակ:

Վրաստանն ահռելի տուրիստական պոտենցյալով երկիր է՝ լեռնային արշավներից մինչ ծովային հանգիստը տուրիզմի բոլոր տարատեսակներն այնտեղ լավագույնս զարգանալու հնարավորություն ունեն: Վրաստանի մրցակցային առավելությունն այն է, որ ի տարբերություն Հայաստանի պետությունն այնտեղ հետևողականորեն իրագործում է ոլորտի կոմպլեկս զարգացման նախագծեր: Միջազգային հաստատությունների ներդրումներն էլ կարծես արդյունավետ են ծախսվում ու մութ մեխանիզմներով չեն փոշիանում ինչպես Հայաստանում: Սակայն մյուս կողմից այս ենթակառուցվածքային արագընթաց աճի հետ Վրացական տուրիզմը նույնպես երիտաարդ ինդուստրիա է ու սպասարկող անձնակազմի որակավորման բարելավումը լուրջ ճանապարհ ունի անցնելու, այս առումով մենք ավելի լավ վիճակում ենք: Ներքին գների առումով Հայաստանը կարծես էլի շահում ՝ ավելի մատչելի գներով, բայց մեր ամենաթույլ կողմերից մեկը ավիաչվերթի թանկությունն է: Վրաստանից այնքան էժան են թռիչքները, որ նույնիսկ հայաստանցիներից շատերը նախընտրում են երթևեկել 5-6 ժամ մինչև Թբիլիսի ու այնտեղից թռչել արտասահման: Սա շատ լուրջ խոչընդոտ է Հայաստանի ներգնա տուրիզմի զարգացման համար:
Տուրիզմի տարածաշրջանային ամենահիմնական տենդենցներից մեկը վերջին տարիներին՝ Հայաստան – Վրաստան համակցված տուրերի պահանջարկի ավելացումն է: Շատ զբոսաշրջիկներ, ովքեր հավանաբար առաջին ու վերջին անգամ են իրենց կյանքում գալիս Անդրկովկաս, վճռում են մի զարկով երկու նապաստակ խփել ու մի այցելությամբ երկու երկիրն էլ տեսնել: Սա աշխատելու նոր տիրույթ է բացում ու հայ-վրացական համագործակցության համար նոր մարտահրավերներ առաջադրում: Նախ դժվար է երկու երկրում էլ նույն ստանդարտներով տուր անելը: Երկուստեք շատ-շատ քիչ են այն մասնագետները, որոնք պատշաճ մակարդակով կարող են երկրու երկրում էլ աշխատել, խոսքը հատկապես գիդերի ու վարորդների մասին է:

– Ասում են, որ հայաստան հատկապես սիրում են գալ տարեց եվրոպացիները: իսկ ո՞նց կարելի ա գրավել ավելի երիտասարդ ու փող ծախսող ջահելությանը:

Ծովափնյա հանգիստը կմնա ամենապահանջվածներից և ամենատարողունակներից միշտ, բայց սա մենք չենք կարող առաջարկել: Եթե դու ունես ծիրանի այգի, ապա անիմաստ է ահռելի ջանքեր գործադրել և ավոկադո աճեցնել, փոխանակ ծիրանի բերքատվությունը բարձրացնելու: Իսկ այդ այսպես ասած բերքատվության բարձրացնելը մեզ համար այն կլինի, որ Երևանը միջազգային ստանդարտենրով ժամանցի ու զվարճանքի վայրերի որոշակի համախումբ կարողանա ապահովել երիտասարդ ու ընտանեկան զբոսաշրջինկերին: Մի տարրական օրինակ՝ հատուկենտ հյուրանոցներում լողավազազններ կան: Երկու օրից ավել անհնար է Երևանում զբոսշրջիկին հետաքրքրված պահելը, սա լուրջ խնդիր է: Սակայն մյուս կողմից պետք չէ թերագնահատել տուրիզմի մեր տեսակը, որը իրականում նույնպես ունի իր շուկան և այն ահռելի է: Այս առումով էլ մենք ունենք խնդիր պատմամշակութային և արշավական տուրիզմի մեր տուրպրոդուկտները հավելյալ ծառայություններով բազմազան դարձնելու: Օրինակ նույն դասական Գառնի-Գեղարդ երթողուն եթե ավելացնում ենք մի փոքրիկ արշավ, մի հյուրասիրություն գյուղական տանը, մի վարպետության դաս, մի անիմացիա՝ դուդուկի կամ հոգևոր-ժողովրդական կատարումներով երգչախմբի տեսքով, ապա դառնում է հիմնավորված թանկ, բայց խիստ բազմազան և հետաքրքիր տուր: Նույնիսկ եվրոպական շատ հայտնի քաղաքներով ստանդարտ խմբային տուրերում զբոսաշրջիկները այնքան գիտելիքների, էմոցիաների ու փորձառության բազմազանություն չեն ստանում, որքան այս տուրի ժամանակ ու սա մեր հաճախորդնրի դիտարկումն է: Եթե այս ամենին էլ գումարում ենք մեր ժողովրդի զուտ մենթալ ու ավանդական բարիացկամ ու հոգատար վերաբերմունքը, ապա այցելուի հիացմունքը երաշխավորված է:

 

Հարցազրույցը՝ Բարև Արմենիա ընկերության հիմնադրի
Թարգմանված է Regional Post հանդեսից

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն