Ակտիվ տուրիզմը Հայաստանում. Ուրցաձոր

Ուրցաձորի էկո-կենտրոնՀոկտեմբերի 14-ին ես իբրև «Բարև Արմենիա» տուրօպերատորի ներկայացուցիչ, ի թիվս Հայաստանի զբոսաշրջային ոլորտի այլ ներկայացուցիչների, մասնակցեցի Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնի կողմից կազմակերպված ճանաչողական տուրին: Ճանապարհին զմայլվելով Արարատի հիասքանչ տեսարանով, 1 ժամից հասանք էկո-կենտրոն: Վերջինս տեղակայված է Արարատի մարզում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում : Այն ընդգրկում է շուրջ 2000հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:
Այս տարածքում բնակվում են մի շարք հազվագյուտ կենդանատեսակներ, որոնցից շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ Կովկասյան լուսան, Բեզուարյան այծ, Կովկասյան հովազ, Կովկասյան արջ, Հայկական մուֆլոն, Սև անգղ, Գառնանգղ, Քարարծիվ, Սպիտակագլուխ անգղ:
Շատ գովելի էր այն փաստը, որ կենտրոնը կառուցված էր «կանաչ տեխնոլոգիաներով», այսինքն ուներ արևային էներգիայով տաքացվող ջրային համակարգ, էներգիախնայողություն, կոյուղաջրերի մաքրման արդի համակարգ:

Աշխատակիցները մեզ մանրակրկիտ ներկայացրեցին տեղանքը: Կենտրոնն ուներ 4 կապիտալ վերանորոգված ննջարան, որոնց պատուհաններից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի շրջակա բնությունը, խոհանոց, երկու սանհանգույց, քնապարկերով գիշերելու համար նախատեսված մանսարդ և մեծ սրահ գիտաժողովների, հանրագումարների և այլ միջոցառումներ կազմակերպելու համար: Կենտրոնն ուներ նաև փայտից պատրաստված պատշգամբ, որը ոչ միայն շատ համահունչ էր բնության հետ, այլև այնտեղից կարելի էր հիանալ Ուրցաձորի հիասքանչ ձորով: Ուրցաձոր գյուղում կան նաև 3 վերանորոգված B&B հյուրատներ, որոնք նույնպես պատրաստ են զբոսաշրջիկներ հյուրընկալելու: Այսպիսով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը համատեղում է բնության պահպանումը և համայնքային զարգացումը:
Այդտեղ առկա են բոլոր տեխնիկական միջոցներն ու սարքերը, որպեսզի կազմակերպվեն տարբեր ուղղվածության տուրեր՝ քայլարշավներ, հեծանվային արշավներ, ձիերով տուրեր, թռչունների դիտման տուրեր, արտաճանապարհային տուրեր, մշակութային տուրեր:
Որպեսզի մենք ավելի լավ պատկերացնեինք տուրերը, մեզ առաջարկեցին արտաճանապարհային մեքենաներով բացահայտել տարածքը, այսպիսով ուղղորվեցինք բնության և պատմության հետքերով: Կարևոր եմ գտնում շեշտել, որ տարածքում առկա էին ոչ միայն հազվագյուտ հանդիպող կենդանատեսակներ, այլև մշակութային մեծ արժեք ներկայացնող հուշահամալիրներ՝ պատմական ամրոց, հնագույն եկեղեցի, հին լքված գյուղ:

Ճանապարհը շատ բազմազան էր: Սկզբից կարծես անապատում լինեինք, այնուհետև լանդշաֆտը փոխվեց և մեր առջև բացվեցին ոչ խիտ անտառներ, երբեմն հանդիպում էին գեղեցիկ ձևերի ժայռեր, իսկ մի հատվածում տեսանք անուշաբույր սոճենիների անտառ, որոնք աճել էին հենց ձորի վրա:
Մեքենաներով բարձրացանք մինչև 2300 մետր: Նշեմ, որ մեքենաներով տեղաշարժվելը այդ տարածքներում իսկական արկած էր, բայց վարորդները շատ զգույշ և ուշադիր էին: Այնուհետև մեր բախտը բացվեց և դիմացի ժայռի վրա մանրադիտակներով, իսկ որոշ ժամանակ անց նաև անզեն աչքով, հիացանք բոլոր այծերի նախահայր՝ վայրի բեզոարյան այծերով: Տեսանք նրանց մինչև 130 սմ հասնող եղջյուրները, նրանց պարը ժայռերի վրա, ինչպես նաև եղջյուրներով կռիվը: Նրանք այնքան համահունչ էին այդ բնության հետ, որ ևս մեկ անգամ համոզվեցինք որ բնությունը կատարյալ է:

Սարերում էին գտնվում նաև Ուրցաձորի էկո-կենտրոնի ձիերը: Ցավոք չկարողացանք տեսնել թե ինչպես են վայրի տեղանքներում ազատ թռչկոտում: Բարձրադիր լեռների մեջ բացահայտեցինք Սուրբ Կարապետ եկեղեցին, որը կառուցվել է 13-14 դդ-ում: Հետաքրքրիր էր եկեղեցու աջ հատվածում գտնվող խաչքարը, որը շատ լավ էր պահպանվել:
Ճանաչողական տուրի վերջում այցելեցինք Գևորգ Մարզպետունի ամրոցը, որը պարսպապատ կառույց էր փոքր եկեղեցիով: Այն կառուցված էր մի ցածր բլրի վրա, ինչից կարելի էր ենթադրել, որ այն ի սկզբանե եղել էր պարսպապատ վանք, ոչ թե ամրոց: Ամրոցն անվանակոչվել է 10-րդ դարի հայոց սպարապետ Գևորգ Մարզպետունու անունով: Ամրոցին կից գտնվում էին խաչքարեր և հին գերեզմանոց, որոնց վրա տեսանք արաբական արձանագրություններ:
Այսպիսով մեր ճանաչողական տուրն ավարտվեց և մենք ուղղորվեցինք դեպի Էկո-կենտրոն, որտեղ մեզ համար պատրաստել էին բացառապես տեղական արտադրության մթերքներից պատրաստված համեղ ուտեսներ:
Ընթրիքից հետո փորձեցինք հեծանիվ քշել: Բավականին հարմար հեծանիվներ էին, սակայն շատերը նախատեսված չէին սարերում քշելու համար: Այնտեղ մի ձի կար, որը սարերից ետ էր եկել, փորձեցի նրան քշել: Շատ խելոք ու հասկացող ձի էր, միայն թե թամբն ու ասպանդակը անհարմար էին: Մթնշաղին էի քշում, նա կարծես հասկացավ, որ ես նորեկ եմ, տեղանքները լավ չգիտեմ, և որպեսզի խուսափենք պատահարներից, ինքը գնում էր միայն հարթ տարածքներով, որտեղ ապահով էր և ձորեր ու սարեր չկային:
Օրը շատ հագեցած ու անմոռանալի ստացվեց, դեռ այնտեղ կվերադառնանք մշակութային մեծ արժեք ներկայացնող բոլոր հուշահամալիրները տեսնելու, սարերում ձիով գալոպ անելու, հեծանիվ քշելու և վայրի կենդանիներին դիտարկելու համար, սակայն նշեմ, որ այդ տարածքը ավելի գեղեցիկ կլիներ հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ արևն այդքան էլ չէր վառի ծառերն ու ծաղիկները:

Հայաստանը կատարյալ վայր է ակտիվ տուրիզմի սիրահարների համար և այս ոլորտում նոր ենթակառուցվածքների հիմնումը մեծ խթան կլինի ողջ տուրիստական շուկայի զարգացման համար: Եթե ցանկանում եք մասնակցել այս արկածային տուրին, Բարև Արմենիա տուրօպերատորը Ձեզ է առաջարկում մեկօրյա հագեցած և անմոռանալի տուր դեպի Ուրցաձորի էկո-կենտրոն:

Սաթինե Ապրեսյան

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն