Աշխարհի ամենաերկար զիփլայնը՝ Հայաստանում

Հայաստանում կբացվի գրեթե 2,7 կմ երկարություն ունեցող աշխարհի ամենաերկար զիփլայն ատրակցիոնը, ասաց «Yell Extreme Park» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը:

«Վաղն Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում սկսում ենք զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի (crowdfunding) մեկնարկը: Զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում», – չորեքշաբթի լրագրողներին ասաց Չիբուխչյանը:

Զիփլայնը թույլ է տալիս էքստրիմի սիրահարներին մի կետից մյուսը տեղափոխվել ճոպանի և սեփական ծանրության հաշվին` տարբեր արագությամբ թռչելով կիրճի վրայով:

Զիփլայնը կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն, թռիչքի տևողությունը կկազմի 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այսօր փաստացի ամենաերկար Զիփլայնը գտնվում է Մեքսիկայում՝ 2545մ:

Չիբուխչյանի խոսքով, ծրագրի իրականացման համար պետք է 200 հազար դոլար: Ներդրումների կեսն արդեն իրականացվել է:

«Մենք նախատեսում ենք մեկ ամսում հավաքել 20 հազար դոլար: Մենք ոչ միայն ֆինանսական նպատակներ ենք հետապնդում, այլև ցանկանում ենք, որ ողջ աշխարհի հայերը միավորվեն մեկ գաղափարի շուրջ», – ասաց Չիբուխչյանը:

Նա հայտնեց, որ նույնիսկ եթե միջոցների նախատեսված ծավալը չհավաքվի, Զիփլայնը կկառուցվի մինչև հուլիսի վերջ: Չիբուխչյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն դրամահավաքին, խրախուսական նվերներ կստանան «Yell Extreme Park»-ից:

«Մեր նպատակն է այնպես անել, որ Ենոքավանը տարեկան 250 հազար զբոսաշրջիկ այցելի: Ներկայում մենք աշխատում ենք մինչև 2030 թ.-ը համայնքի զարգացման ռազմավարության շուրջ», – ասաց Չիբուխչյանը:

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը մեծ կարևորություն տվեց նմանատիպ մասնավոր ծրագրերին` Հայաստանի ճանաչելիությունը զբոսաշրջության ոլորտում բարձրացնելու առումով:

«Yell Extreme Park» նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին բնակլիմայական պայմաններով, աշխարհագրական և ռելիեֆային դիրքով ու կառուցվածքով ամենահամապատասխան գոտում՝ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:

Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային և էքսթրեմալ զբոսաշրջությունը և դառնալ տարածաշրջանի էքսթերմալ զբոսաշրջության խոշոր կենտրոն, սահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը և խրախուսել առողջ ապրելակերպը:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն